2015 թվականի վերջին օրերին համացանցում հայտնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած տեսանյութը, որտեղ անդրադարձ է կատարվել Ռուսաստանի հիմնած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ու մեկ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին: ՀՆԱ-ն նվազել է 10, ներմուծումը՝ 20, իսկ արտահանումը 5 %-ով։ Անգամ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը պակասել է 15 % -ով: Պետական պարտքն իր հերթին ԵՏՄ անդամակցության առաջին մեկ տարվա ընթացքում 4.4 մլրդ-ից դարձել է 5 մլրդ ԱՄՆ դոլար:
Տեսանյութում անդրադարձ է կատարվել նաև անվտանգությանն ու ժողովրդավարությանը, որտեղ ևս հետընթաց է նկատվում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը խոսելով 2016 թվականին ԵՏՄ-ից սպասելիքների մասին, նկատեց, որ ամենամեծ սպասելիքը՝ Հայաստանի ԵՏՄ-ի կազմից դուրս գալն է:
Աշխարհում ձևավորվում է նոր տնտեսական կարգ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կարծում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Առաջանում են զարգացման գոտիներ, և այնպիսիք, որոնք տեխնոլոգիապես հետամնաց, քաղաքական ու ռազմական առումով անկայուն գոտիներ են, դրանց թվում է նաև ԵՏՄ-ն:
2016 թվականի գլխավոր սպասումը տնտեսագետի համար կապված է ԵՄ-ի հետ նոր բանակցությունների ընթացքի հետ:







































