Սպառողական ապրանքների գները ապրիլին աճել են 3.9 տոկոսով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (տասներկուամսյա գնաճ): Սա` ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների: Տասներկուամսյա գնաճի թիրախային ցուցանիշը 4 պլյուս-մինուս 1.5 տոկոս է, այսինքն` անցած ամսվա ցուցանիշը թույլատրելի սահմաններում է:
Ավելի շատ աճել են ոգելից խմիչքների ու ծխախոտի գները` մոտ 6 տոկոսով, ծառայությունները թանկացել են 2.4 տոկոսով: Բանջարեղենն ու կարտոֆիլը 2012-ի ապրիլի համեմատ միջինը էժանացել են մոտ 11 տոկոսով, այդ թվում` վարունգը` 29.3%-ով, կաղամբը` 26.9%-ով, սմբուկը` 20.4%-ով, կարտոֆիլը` 18.7%-ով, խառը կանաչեղենը` 17.1%-ով, կանաչ սոխը` 15.4%-ով:
Այս տարվա ապրիլի գները մարտի գների հետ համեմատելիս դարձյալ նկատվում է գնանկում: Ընդհանուր գնանկումը կազմել է 0.1 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնանկումը` 0.4 տոկոս:









































