Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ստացել է 2014 թվականին կայանալիք ընտրություններին նոր ժամկետում վերընտրվելու հնարավորություն: Երկուշաբթի նման որոշում է ընդունել հարավամերիկյան հանրապետության Սահմանադրական դատարանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բոլիվիայի նոր Հիմնական օրենքը, որը գործում է 2009 թվականի փետրվարից, թույլ է տալիս պետության ղեկավարի միայն մեկ վերընտրություն: Երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը ներկայացնում է բնիկ հնդկացիական բնակչությունը, իշխանության է եկել՝ հաղթելով 2005-ի դեկտեմբերի ընտրություններում: Սա կլինի նրա երրորդ ժամկետը:
Սահմանադրական դատարանը եկել է այն եզրակացության, որ Մորալեսի առաջին նախագահական մանդատի ժամանակ երկրում ուրիշ Հիմնական օրենք է գործել: Իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունն արդեն առաջադրել է Էվո Մորալեսին որպես 2014-ի ընտրությունների իր թեկնածու:








































