«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ապրիլի 25-ին նախնական տվյալներով թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան:
Երեխայի հարազատները կարծում են, որ մահվան պատճառը բժիշկների անփութությունն է, և հայց են ներկայացրել Կենտրոնի ոստիկանություն:
Նախկինում մեզ չէր հաջողվել զրուցել Ագնեսային բուժող բժիշկներից որևէ մեկի հետ, սակայն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենց կարծիքով՝ երեխան մահացել է թոքաբորբից, իսկ ավելի հստակ պատասխան մեզ կարող է տալ դատաբժշկական փորձաքննությունը. «Երեխան մեկ ժամ է այստեղ մնացել՝ մեկ ժամ կամ մաքսիմում՝ երկու: Մեր կարծիքով՝ թոքաբորբ է եղել՝ ռենտգենով-բանով այդպես է ցույց տալիս, բայց եթե Ձեզ պետք է ավելի ստույգ կարծիք, ապա պետք է դատաբժշկական փորձաքննություն դիմեք։ Բժիշկների կարծիքն այդ է՝ երեխայի մոտ եղել է թոքաբորբ»:
Մեր այն հարցին, թե նույնիսկ թոքաբորբի դեպքում հնարավոր չէ՞ր արդյոք որևէ բան անել երեխայի կյանքը փրկելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հնարավոր չի եղել որևէ բան անել»:
Բժիշկն ավելացրեց, որ մահանալուց առաջ երեխան կշռել է ընդամենը երկու կիլոգրամ:
Դատաբժշկական փորձաքննության բաժնից մեզ ասացին, որ օրենքով իրենց արգելված է որևէ տեղեկություն տրամադրել, և որ անհրաժեշտության դեպքում պետք է դիմենք ոստիկանություն:
Իր հերթին Կենտրոնի ոստիկանական բաժնի քննիչ Ա․ Մխիթարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին միայն հեռախոսազրույց է ունեցել մահացած երեխայի հոր հետ, և առայժմ Ագնեսայի մահվան մասին նոր տեղեկություններ հաղորդել չի կարող։
«Ցավը նոր է, կանցնի որոշակի ժամանակ՝ նոր կխոսեմ իրենց հետ։ Հիմա հուղարկավորության արարողությամբ են զբաղված: Առավել մանրամասն մենք քննության ընթացքում հստակորեն կպարզենք: Մենք նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն և փորձագետներին տվել ենք առկա բոլոր փաստաթղթերը, ներառյալ այն, թե որքան է մնացել երեխան հիվանդանոցում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, թե անմիջական մահն ինչի հետևանքով է առաջացել: Կիմանանք նաև, թե նախկինում ինչ հիվանդություններ է ունեցել, թերահաս է եղել, թե՝ ոչ: Այդ բոլոր հարցերին մասնագետներն արդեն սպառիչ կերպով կպատասխանեն, առայժմ եզրակացություն անել չենք կարող»,- ասաց նա։







































