Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանությունն այսօր հայտարարել է 53 մարդու կալանավորման մասին, որոնց մեղադրում են ԴԱԻՇ-ին աջակցող վեբ կայքեր ստեղծելու համար։
Այդ մասին Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանական կիբեռոստիկանության ղեկավար, բրիգադի գեներալ Քամալ Հադինաֆարը. «Անցած 8 ամիսների ընթացքում իրանական կիբեռոստիկանությանը հաջողվել է ի հայտ բերել ու փակել 132 կայք, որոնք որակվել են որպես ԴԱԻՇ-ին աջակցող։ Բացի դրանից՝ կալանավորվել է 53 մարդ, որոնք մեղադրվել են այդ կայքերի ստեղծման համար, որոնք հիմնականում գործել են սահմանային նահանգներում։ Ընդհանուր առմամբ, վերջին 20 ամսում Իրանում փակվել է 285 իսլամամետ կայք»։





































