Անվտանգության և պաշտպանության հարցերով Իրաքի խորհրդարանի կոմիտեի ղեկավար Հաքիմ Ալ-Զամիլին հայտարարել է, որ Բաղդադը կարող է դիմել Մոսկվային այն բանից հետո, երբ Թուրքիան խախտել է երկրի սուվերենությունը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին նա հայտարարել է Al-Araby Al-Jadeed պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք, հավանական է, շուտով Ռուսաստանին կխնդրենք ուղիղ ռազմական միջամտություն ցուցաբերել Իրաքում՝ ի պատասխան թուրքական ներխուժման և Իրաքի ինքնիշխանության խախտման»,- ասել է Ալ-Զամիլին:
Նախօրեին Ալ-Զամիլին սպառնացել էր Թուրքիային ռազմական գործողություններով, եթե թուրք զինծառայողները անհապաղ չլքեն Իրաքը:
Հիշեցնենք, որ Թուրքիան զորք և զինտեխնիկա է տեղակայել Իրաքի Նայնավա նահանգում: Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին և պահանջել, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը Իրաքի տարածքից:









































