Կոստա-Ռիկայի դատարանը ապրիլի 27-ին որոշում է կայացրել 5 տարի ազատազրկման դատապարտել երկրի նախկին նախագահ Միգել Անխել Ռոդրիգեսին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ռոդրիգեսին մեղավոր են ճանաչել կաշառակերության մեջ:
Քննությունը պարզել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում Ռոդրիգեսը 800 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկից` ֆրանսիական Alcatel ընկերությունից: Դրա փոխարեն Կոստա Ռիկայի նախկին նախագահը աջակցել է այդ ընկերությանը պետության հետ 149 միլիոն դոլարի պայմանագիր կնքելու հարցում:
Միգել Անխել Ռոդրիգեսը Կոստա Ռիկայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թ.: 2004 թ. նա դարձել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար, սակայն շատ կարճ ժամանակ անց ստիպված է եղել լքել այդ պաշտոնը` կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ֆրանսիական ընկերության դեմ` Թայվանում, Մալայզիայում, Հոնդուրասում և Կոստա Ռիկայում տեղի իշխանություններին կաշառք տալու համար: 2010 թ. Alcatel-ն ընդունել էր իր մեղքը և դատարանի կայացրած որոշումներով վճարել 137 մլն դոլարի տուգանք:









































