Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագիրը։ Դրա արտաքին քաղաքականության մասում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի առաջիկա արտաքին քաղաքականության մասին:
«Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի կոնֆլիկտների կարգավորմանը, ինչը մասնավորապես վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը։
Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «օկուպացմանը» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությանը վերջ դնելուն։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ հարաբերությունների և համագործակցության կայացմանը միտված բազմակողմանի քայլեր կատարելու պատրաստակամություն, «Արդար հիշողություն» հասկացությանը չհակասող դիրքորոշում և հեռատեսություն մեր նախաձեռնություններին արձագանքելու հարցում։ Կարծում ենք, որ հնարավոր է Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության հաստատումը»։
Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագրում նշված է, որ սկսել են արդյունքներ տալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ մեխանիզմները։
Թուրքիայի 64-րդ կառավարությունը կարևորել է Կովկասի ու Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների, այդ թվում նաև առևտրային, զարգացումն ու ընդլայնումը։








































