ԱՄՆ Ինդիանա նահանգում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են դեռահասի, ով կասկածվում է դպրոցում ահաբեկչություն գործելու մտադրության մեջ, որտեղից իրեն հեռացրել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ նրա հեռացման պատճառը աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններն էին:
Ուսումնական հաստատության աշխատակիցը ոստիկանություն է դիմել և հայտնել դպրոցը պայթեցնելու նրա սպառնալիքների մասին: Մորիսվիլլ քաղաքի 18-ամյա բնակիչ Ջոնաթան Դուլիի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի պատրաստման համար նախատեսված նյութեր:
Կասկածյալն անձամբ իր մեղքը չի ժխտում՝ ընդունելով, որ ծրագրում էր ռումբը տեղադրել դպրոցի շենքում: Նա քննիչներին ասել է, թե «իր գլխում խելահեղ գաղափարներ են հայտնվում, երբ չարանում է»: Դուլին նաև ասել է, որ մտադիր էր զենքի խանութից գնել դիպուկահարի հրացան, որի արժեքի մի մասն արդեն վճարել է:
Դեռահասը կալանքի տակ է՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:









































