Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ հանրային տրամադրությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի հետ, ով ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման առաքելություն իրականացնող խմբում:
«Շատ դժվար է գտնել «Այո»-ի կողմնակից, որովհետև մարդիկ ուղղակի իրազեկված չեն: Թե որքանով են նրանք «Ոչ»-ի արդեն ձևավորված կողմնակիցներ, դժվար է ասել: Մարդկանց պետք է հասցնել այն գիտելիքը, թե ինչ է կատարվում ընդհանրապես»,- մեզ հետ զրույցում նշեց Զարուհի Հովհաննիսյանը:
Զարուհի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մարզային հանդիպումների ընթացքում հաճախակի հնչող հարցն է՝ «Ինչո՞ւ է փոխվում Սահմանադրությունը»: Որևէ կայուն պատասխան դեռևս տրված չէ, թե այդ որ քաղաքական խնդրի, քաղաքական գործընթացի պատճառով այժմյան գործող Սահմանադրությունը չկարողացավ դիմակայել: Հիմնական բացատրությունը մարդկանց տրվում է՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին միանգամից մեր արտաքին քաղաքական գիծը փոխեց, հիմա այլևս հնարավոր չի լինի այդպիսի որոշում կյացնել, որովհետև մեկ անձը չի ունենա այդպիսի լիազորություններ:
«Մարդիկ իրազեկված չեն, իրենց համամասնակից չեն համարում այս գործընթացին, և չեն տեսնում իրենց ամենօրյա կարևորագույն խնդիրների լուծումը սահամանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշեց մեր զրուցակիցը:
Եվ «Այո»-ի և «Ոչ»-ի ներկայացուցիչները հանրությանը վերապատմելով են ներկայացնում սահմանադրական դրույթները: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, առձեռն Սահմանադրության նախագծի օրինակները չեն տրվում, և շատերը պարզապես ընթերցելու, ծանոթանալու հնարավորություն չունեն, որպեսզի կարողանան կողմնորոշվել՝ կողմ են, թե ոչ այդ փոփոխություններին: Զ. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ հանրության ներկայացուցիչների կողմից հնչում են հարցեր. «Մեր վունդերքինդ պատգամավորներն ինչպե՞ս կարողացան այդքան արագ ծանոթանալ Սահմանադրության տեքստին և «այո» քվեարկել, եթե ընդամենը քվեարկությունից մեկ ժամ առաջ էր նրանց ձեռքին հայտնվել Սահմանադրության տեքստը»:
Հրապարակախոսի դիտարկմամբ՝ վերացական քարոզչություն է ընթանում, փչացած հեռախոսի սիստեմ է ստեղծվել, որը նաև անհավասար պայմաններում է դնում քաղաքացուն. կարդում, վերապատմում են իբր թե ստորադաս անձանց:
Զ. Հովհաննիսյանը փաստեց. «Այդ վիրավորվածության զգացումը կա ժողովրդի մեջ և կա ընդվզում, ես լսել եմ այսպիսի կարծիքներ. «Մեզ էշի տեղ են դնո՞ւմ, որ մենք ընդհանրապես պետք է ծանոթ չլինենք տեքստին, բայց պետք է քվեարկենք: Ե՞րբ, ո՞ւմ միջոցով, ինչպե՞ս պիտի մեզ հասնեն այդ տեքստերը»:
«Սա նոր Սահմանադրություն է և պետք է հնարավորություն ընձեռվեր մանրամասն ծանոթանալու տեքստին,- նշեց մեր զրուցակիցը և հավելեց,-մասնակցելու և դեմ քվեարկելու դեպքում հնարավորությունն ավելի մեծ կլինի՝ կասեցնելու այս գործընթացը և ինչ-որ տեղ հաղթանակ գրանցելու»:










































