ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի 5 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկել է «Իմ Հայաստան» ազգային մշակույթի միջոցով զբոսաշրջության զարգացման ծրագիրը։
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն օրերս ՀՀ կառավարությանը մեղադրում էր Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի և դրա դեմ պայքարի անարդյունավետության մեջ, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ վերոնշյալ ծրագրի ներկայացմանը, գոհունակությամբ նշեց, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն ծրագրի իրականացումից: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի կառավարության հետ համատեղ։ «Սա հայ ժողովրդի հետ ԱՄՆ դեսպանատան համագործակցության բազմաթիվ օրինակներից մեկն է՝ ուղղված Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանը»,- իր խոսքում նշեց դեսպանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասյօրվա միջոցառմանն իր հերթին ասաց, թե Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը:
5 մլն դոլարի շրջանակում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» 4-ամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում՝ հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, տուրիզմի զարգացման ոչ ավանդական մոտեցման միջոցով:
Մանրամասները դիտեք տեսանյութում։










































