ԴԱԻՇ-ի դեմ պայքարում միասնական դաշինք ստեղծելու ճակատագիրը կախված կլինի Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Վաշինգտոն և Մոսկվա այցելություններից: Այդպիսի կարծիք է հայտնել The Wall Street Journal-ը:
«Կկարողանա՞ն արդյոք Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գալ ընդհանուր հայտարարի նախ և առաջ գլխավոր խոչընդոտի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում: Դա է գլխավոր հարցը, որը պետք է քննարկի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոն այցի ընթացքում և հետո Մոսկվայում` նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցելիս»,- նշում է պարբերականը:
ԴԱԻՇ-ի դեմ միասնական դաշինք ձևավորելու հնարավորությունը վերջերս է բացվել: Դրանից պետք է անմիջապես օգտվել, համարում է ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին կոորդինատոր Դենիել Բենջամինը:
«Հարցն այն է, որ նշանակալի իրադարձությունից հետո` հատկապես խոշոր ողբերգությունից, հնարավորություն է ստեղծվում կոնկրետ բանակցությունների համար: Այդպիսի հնարավորությունը բաց է մնում կարճ ժամանակով»,- ասել է Բենջամինը: Նա համարում է, որ, հաշվի առնելով տարաձայնությունների խորությունը, շատ դժվար է կանխագուշակել բանակցությունների ելքը:
Bloomberg-ը նշում է, որ Փարիզի ահաբեկչությունները և Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի վթարի հետազոտությունները ակտիվացրել են միջազգային ջանքերը` ուղղված Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը:







































