ԱՄՆ-ը անցկացրել է B61-12 արդիականացված ատոմային ռումբի երրորդ՝ վերջին փորձարկումը: Այն չի ներառել ռումբի միջուկային լիցքի պայթյուն: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությանը:
Զինամթերքի վրա դրված է Boeing ընկերության արտադրած նոր պոչային հատված: Հոկտեմբերի 20-ին Նևադա նահանգի Թոնոփա զորակայանում ռումբը նետվել է F-15E կործանիչ-ռմբակոծիչից «կառավարվող թռիչքի՝ իրականին մոտ պայմաններում»: Փորձարկման ընթացքում խափանումներ չեն գրանցվել, հավաքվել է հեռաչափային տեղեկություն, կատարվել են տեսագրություններ:
B61-12 ավիառումբի փոփոխված տարբերակի առաջին ամառային փորձարկումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին: B61-12 ռումբը 1960-ականներին մշակված ամերիկյան միջուկային զինամթերքի առավել ժամանակակից մոդիֆիկացիան է:
B61-12-ը զրկվել է պարաշյուտային համակարգից, որը Պենտագոնի գնահատմամբ՝ «հնացել է և անթույլատրելիորեն թանկ արժե»:









































