Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ Փարիզում ահաբեկչություններից հետո սխալ որոշումներ չընդունվեն։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ներկա իրավիճակում մենք պետք է վերահսկենք մեզ, որպեսզի ճնշման պատճառով չընդունվի սխալ որոշում կամ այնպիսի որոշում, որը կբարդացնի իրավիճակը»,- ասել է նա։
Շտայնմայերը նաև նպատակահարմար է գտնում քրդական ռազմականացված միավորումներին աջակցելը։
«Մենք կշարունակենք ջանքեր ներդնել՝ աջակցելու նրանց, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ ցամաքում։ Խոսքն, օրինակ, Իրաքի հյուսիսում «փեշմերգայի» (քուրդ աշխարհազորայիններ) մասին է»,- նշել է նախարարը։
Շտայնմայերը նշել է, որ վերջիվերջո ահաբեկչությանը պետք է հաղթել ոչ ռազմական միջոցներով, այլ Սիրիայում և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության նորմալացման ուղով։









































