Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի ստեղծագործությունների աճուրդի առաջին օրը Christie’s-ին 145,5 մլն դոլար է բերել: Այս մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում:
Հինգշաբթի Christie’s-ը երկօրյա աճուրդ է սկսել Նյու Յորքում՝ վաճառքի հանելով XIX դարի երկրորդ կեսից մինչև XX դարի գեղանկարչության և քանդակագործության ստեղծագոծություններ: Աճուրդի գլխավոր աշխատանքները եղել են Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և Մարկ Շագալի աշխատանքները:
Աճուրդում վաճառվել են Անրի Մատիսի «Սպիտակ սրբիչով մերկը»՝ 9,1 մլն դոլարով, Պոլ Սեզանի «Խնձորները»՝ 9,1 մլն դոլարով, Ռենե Մագրիտի «Ունիվերսալ հայելին»՝ 6,7 մլն դոլարով, Կլոդ Մոնեի «Դեղին հիրիկներ վարդագույն ամպի տակ»-ը՝ 5,8 մլն դոլարով, Խուան Միրոյի «Տղամարդ և կին»-ը՝ 5,4 մլն դոլարով:
Անրի Մատիսի «Քուն» նկարի էտյուդը 5 անգամ գերազանցել է նախնական գինը և վաճառվել է 3,8 մլն դոլարով:
Աճուրդի ընթացքում վաճառվել է Պաբլո Պիկասոյի 9 աշխատանք: Դրանցից ամենաթանկը եղել է «Ջրամանը», որը վաճառվել է 10,5 մլն դոլարով: «Բուն աթոռի վրա»-ն վաճառվել է 5,3 մլն դոլարով, «Կնոջ գլուխը»՝ 3,8 մլն դոլարով, «Գնդակ խաղացող լողորդուհիները»՝ 3,5 մլն դոլարով:
Վաճառվել են նաև Մարկ Շագալի մի քանի աշխատանքներ: «Կապույտ օդը» վաճառվել է 6,9 մլն դոլարով, «Վարդերով ծաղկամանը»՝ 2,4 մլն դոլարով:
Իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի աճուրդը կշարունակվի ուրբաթ օրը:








































