Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը G20-ի երկրներում 2015-2017թթ.-ի համար կանխատեսում է միջինը 2,8% ՀՆԱ աճ, ինչը 0,3%-ով է բարձր 2012-2014 թթ. ցուցանիշից: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով գործակալության զեկույցը:
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից 5 տարի առաջ տնտեսության միջին աճը կազմում էր 3,8%: Գլոբալ աճն աղոտ կլինի ևս 2 տարի, քանի որ դանդաղումը Չինաստանում և զարգացող տնտեսությամբ այլ երկրներում շարունակում է ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության վրա»,- նշվում է զեկույցում:
Ընթացիկ տարվա համար գործակալության վերլուծաբանները կանխատեսում են G20-ի երկրների ՀՆԱ 2,6% աճ, հաջորդ տարի կանխատեսում են աճի արագացում մինչև 2,8%, 2017 թ.՝ մինչև 3%:
Զեկույցում ասվում է, որ Չինաստանի ՀՆԱ աճն այս տարի 7%-ից ցածր կլինի, 2016թ. աճը կկազմի 6,3%, 2017թ.՝ 6,1%: Ըստ վերլուծաբանների՝ տնտեսության աճն ընդհանուր առմամբ կայուն կլինի ԱՄՆ-ում, Ճապոնիայում և եվրոպական պետություններում: 2015-2017թթ. ՀՆԱ միջին աճը կկազմի մոտ 2,5% ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հարավային Կորեայում, իսկ եվրոգոտում՝ 1,5%:








































