Ամերիկյան Google կորպորացիայի դուստր ընկերություն Google Life Sciences-ը կմասնակցի սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի նորագույն և ինովացիոն մեթոդների ուսումնասիրման գիտահետազոտական նախագծին։ Այս մասին հայտարարվել է կիրակի՝ Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի համաժողովի ընթացքում, որը կայացել է Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նախագծի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն դոլար։ Google-ը կներդնի 25 մլն դոլար, մնացած կեսը կֆինանսավորի ասոցիացիան։ Վերջինիս համար դա կլինի ամենամեծ գումարը, որ երբևէ ներդրվել է հետազոտական նախագծում։
Ինչպես համաժողովի ժամանակ հայտարարել է Google Life Sciences-ի ղեկավար Էնդի Կոնրադը՝ մոլորակի վրա սրտանոթային հիվանդություններից ավելի շատ մարդ է մահանում, քան ցանկացած այլ հիվանդությունից։









































