Ցմահ ազատազրկված դատապարտյալների հարազատները, ովքեր նախորդ շաբաթներին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի և նախագահականի դիմաց, որոշել են 20 օր էլ սպասել, մինչև արդարադատության նախարարությունը պատասխանի իրենց դիմումին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ցմահների հարազատները բազմաթիվ ստորագրություններով դիմում էին ուղարկել նախագահին՝ պահանջելով վերանայել իրենց որդիների քրեական գործերը։ Դիմումից մեկ շաբաթ անց նախագահականից պատասխանեցին, որ դիմումի հասցեատերը իրենք չեն, այն ուղարկել են արդարադատության նախարարություն, որը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի իրենց։ Հոկտեմբերի 22-ին, սակայն, ցմահների հարազատները որոշեցին մեկ ամիս չսպասել, քանի որ այդ ժամանակահատվածը կհամընկնի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի հետ, ու ոչ մի գերատեսչություն «իրենց համար ժամանակ չի ունենա»։ Նույն օրը նախագահականի դիմաց ցմահների հարազատները որոշում կայացրեցին հաջորդ հինգշաբթի նստացույց սկսել արդարադատության նախարարության դիմաց, սակայն արդեն երկրորդ շաբաթն է՝ հարազատները որևէ գործողություն չեն նախաձեռնում։ Այսօր ևս նրանք չեն անի ոչ ակցիա, ոչ էլ նստացույց։
«Առաջին լրատվական»-ը այսօր ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի մորից՝ տիկին Ֆենյայից, փորձեց պարզել, թե ինչի են սպասում։ «Մեզ ասացին՝ մեկ ամսից կլինի պատասխանը, մենք էլ որոշեցինք սպասել։ Ճիշտ է, առաջին պահին որոշեցինք չսպասել, նստացույց սկսել, բայց մեզ ասացին՝ սպասեք»,- ասաց Ֆենյա Քոչարյանը։
Մեր հարցին՝ ո՞վ է իրենց ասել սպասել, հստակ պատասխան չհնչեց։ «Դե, ասել են՝ սպասեք, մենք էլ որոշեցինք սպասել, ավելի բան չեմ կարող ասել, բայց եթե նախարարությունից էլ բացասական պատասխան ստանանք, մեզ էլ չեն կարող կանգնեցնել։ Ընդունակ ենք ամենածայրահեղ քայլերի, որոնց կմիանան նաև բանտում գտնվող մեր որդիները»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ցմահների հարազատները պահանջում են վերանայել ցմահ դատապարտվածների քրեական գործերը, քանի որ կարծում են, որ դրանք 90-ականներին քննվել են ոչ լիարժեք, և սահմանված պատիժներն անհամաչափ են կատարված արարքներին։








































