Նախնական տվյալներով՝ Տուլայի մոտ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներին և զոհերի մարմինները Հայաստան կտեղափոխեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների հատուկ չվերթով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությանը:
«Տուլայի մոտ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է, որ Հայաստան կտեղափոխվեն 8 զոհերի մարմինները, ինչպես նաև այն տուժածները, որոնց բժիշկները թույլ կտան ինքնաթիռ նստել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղափոխման համար կօգտագործվի Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ինքնաթիռը՝ անհրաժեշտ բժշկական սարքավորմամբ: Չվերթը կիրականացվի չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 17.00-ին:
Նիստի ընթացքում որոշվել է նաև վթարի հետևանքով իրենց փաստաթղթերը կորցրած քաղաքացիների հարցը:








































