ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Սիրիայի կենտրոնական շրջանների երկնքում անցկացրել են կապի ստուգում։
Կապի նպատակը եղել է թռիչքների անվտանգության արձանագրությունների արդյունավետության ստուգումը, որոնց մասին կողմերի ներկայացուցիչները պայմանավորվել էին հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն ամերիկացի զինվորականին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու կործանիչներն անցել են միմյանցից 8 կմ հեռավորության վրա, ռադիոկապը շարունակվել է մոտ 3 րոպե։
Պենտագոնը հայտարարել է, որ դա չպետք է համարել երկու երկրների կործանիչների համատեղ զորավարժանք։
Երեքշաբթի ռուսական ավիացիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկիչների 24 օբյեկտների, որոնց կոորդինատները ռուսական կողմին էր փոխանցել սիրիական ընդդիմությունը։







































