Իտալիայի Մոնցա քաղաքում ապրող եգիպտացին 2 ընտանիք է պահել, որոնք կողք կողքի ապրել են՝ չկասկածելով միմյանց գոյության մասին: The Local-ի հաղորդմամբ՝ տղամարդու երկրորդ կինը 3 երեխաների հետ գաղտնի ապրել է նրա առաջին ընտանիքի տան ներքևում՝ ավտոտնակում: Իրավիճակը հայտնի է դարձել ոստիկանների շնորհիվ:
Իրավապահներն ավտոտնակի բնակիչներին հայտնաբերել են պատահաբար՝ առաջին կնոջ զանգից հետո: Կինը նկատել է, որ իր ամուսինը, որը դատապարտված է տան անդամների հանդեպ բռնության համար, մոտենում է տանը. նրան դա արգելված է եղել դատարանի վճռով: Երբ տեղ հասած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, նա հայտնել է, որ չի ցանկացել խախտել դատական արգելքը, այլ միայն գնացել է տեսնվելու իր երկրորդ ընտանիքի հետ:
Ոստիկանները 15 քմ տարածքով ստորգետնյա ավտոտնակում հայտնաբերել են 33-ամյա եգիպտուհու և 3 երեխայի՝ 3, 7 և 9 տարեկան: Նրանք կարող էին տարածքը լքել ցանկացած պահի, այնտեղ ինքնակամ են գտնվել: Օրինազանցի 47-ամյա առաջին կինը և նրա մյուս 3 երեխաների մայրը չի կասկածել երկրորդ ընտանիքի գոյության մասին:
Տղամարդուն առաջադրվել է դատական արգելքը խախտելու մեղադրանք: Քննիչները նաև պարզում են՝ արդյոք նա պաշտոնապես ամուսնացած եղե՞լ է երկրորդ կնոջ հետ: Եթե դա հաստատվի, նրան կսպառնա երկկնության մեղադրանք:










































