ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդ հուշագրի` ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը հետամուտ է լինելու հակակոռուպցիոն գիտակցությունը բարձրացնելուն եւ համակարգային, օրենսդրական եւ ընթացակարգային փոփոխություններ ներդնելուն: Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծեց, որ քաղծառայողների վերապատրաստմամբ ԵՊՀ-ն զբաղվում է արդեն յոթ տարի: Բացման խոսքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան նշեց, որ «Ամբողջականությունը քաղաքացիական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագիրը, որը ԵԱՀԿ-ն իրականացնում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, նպատակ ունի բարելավել քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: