Քննչական կոմիտեն կարճել է Բաղրամյան պողոտայի ակտիվիստների դեմ վերաբացված քրեական գործը այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությունից ցուցարարների դեմ վերաբացված քրեական գործի վերաբերյալ տեղեկություն է խնդրել:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած միջազգային կառույց եթե պահանջեր այս գործի հիմքերը, նույն պրոցեսն էր տեղի ունենալու, քանի որ ի սկզբանե գործը շինծու էր:
«Բոլորը տեսել էին, որ քաղաքացիները իրացրել են իրենց խաղաղ հավաքի իրավունքը, և որևէ մեկը որևէ խուլիգանական քայլ չէր արել»,- ասաց նա:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ այս գործի վերաբացումը միտում ուներ վախեցնելու քաղաքացիներին, լարվածության մթնոլորտ ստեղծելու:
«Ո՛չ թալանին»-ը, Մաքսիմ Սարգսյանի խոսքով, դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Առանձին պայքար, սակայն, չեն իրականացնի և առանձին ճակատ չեն ստեղծի, իսկ թե որ ճակատում կլինեն, ապագան ցույց կտա: