Նավթի անօրինական արտահանման մեծ մասը ԴԱԻՇ-ի զինյալները իրականացնում են Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի տարածքներով, որին նպաստում են տեղական կոռումպացված իշխանությունները: Այդպես է համարում ԱՄՆ ԿՎՀ նախկին աշխատակից և Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի ավագ քննիչ Ջոն Կիրիակուն՝ հայտնում է korrespondent.net-ը:
«Ես միշտ ենթադրել եմ, որ սահմանի թուրքական կողմում ինչ-որ մեկը դրանով լավ փողեր է սարքում: Չափազանց շատ հետաքրքրված անձինք կան, որպեսզի դա ուղղակի դադարեցվի»,- ասել է Կիրիակուն:
Նա նշել է, որ ահաբեկիչների համար հասանելի ամենահարուստ նավթային պաշարները գտնվում են Իրաքի հարավում, և դրա հնարավոր ուղին անցնում է քրդերի տարածքով:
Թուրքիան արդեն 60 տարի ԱՄՆ դաշնակից է և ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Կիրիակուն ասում է, որ Անկարայի կառավարությունը անուժ է կոռումպացված տեղական իշխանությունների դեմ:
ԱՄՆ տվյալներով` ԴԱԻՇ-ը բանկերի զավթումից ստացել է մինչև 1 միլիոն դոլար և շարունակում է ամիսը 40-50 միլիոն դոլար ստանալ նավթի վաճառքից, ինչը տարեկան կազմում է 500 միլիոն դոլար:







































