«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում անգամ ղեկավար կազմի փոփոխությունից հետո խնդիրները չեն վերանում։
Աշխատակիցների շրջանում բողոքները կապված աշխատավարձի ու աշխատաժամանակի կճատման հետ մնում է օրակարգում, իսկ մի շարք աշխատակիցներ դատական կարգով բողոքարկում են իրենց աշխատանքից ազատելու հրամանները։
ՀԿԵ-ի նորանշանակ ղեկավար Սերգեյ Վալկոն, թերևս փորձում է քողարկել այդ խնդիրները։ Նա նախօրեին Հայաստանում, Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի հետ, մեծ ոգևորությամբ մասնակցում էր վերանորոգված ջերմաքարշի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Եվ արարողության մեկնարկին, և վերջում հեռուստատեսության ներկայացուցիչների տեսախցիկների առաջ այդ ջերմաքարշի շահագործումը Վալկոյի կողմից փորձ արվեց ներկայացնել որպես կարևորագույն իրադարձություն, ինչպես նաև ընդգծվեց, թե ինչ թափով է զարգանում ընկերությունը Հայաստանում, ինչքան ներդրումներ են կատարվել և շարունակում կատարվել։ Սակայն, երբ «Առաջին լրատվական»-ը պարոն Վալկոյից հետաքրքրվեց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու է ՀԿԵ-ն Հայաստանում հսկայական վնասներով աշխատում, նա զարմացած պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ վնասով ենք աշխատում»։ Հակադարձեցինք՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում իրականացված աուդիտը։ Սերգեյ Վալկոն, սակայն քմծիծաղ տվեց և հայտարարեց, որ ոչ մի աուդիտ չի իրականացվել իր ղեկավարած ընկերությունում և մեզ հաջողություն մաղթելով հեռացավ։
Նշենք, սակայն, որ 2014 թվականի օգոստոսի 26-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ֆինանսական և տեխնիկական աուդիտ իրականացնելու նպատակով 2014 թվականի երրորդ եռամսյակում, տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 40 միլիոն 20 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Աուդիտն իրականացվել է, ավարտվել է ամիսներ առաջ և, մեր տեղեկություններով, եզրակացության մեջ հստակ արձանագրվել է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Մենք գրությամբ դիմեցինք Տրանսպորտի և կապի նախարարություն ստանալու համար աուդիտի եզրակացությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ աուդիտի եզրակացությունը հրապարակվում է, կամ երրորդ կողմին կարելի է տրամադրել միայն աուդիտի ենթարկված ընկերության համաձայնությամբ։
Սակայն մեր տեղեկություններով օրերս անգամ ՀԿԵ-ի մայր ընկերությունից`Ռուսական երկաթուղիներից պատվիրակություն է եկել Երևան աուդիտի արդյունքները քննարկելու համար, քանի որ դրանք բավականին մտահոգիչ են։ ՀԿԵ-ն աշխատում է շատ մեծ վնասով։ Մեզ հասած շատ հավաստի տեղեկություններից այդ վնասը կազմում է 9.3 մլրդ դրամ և տենդենցը դեռ շարունակական է: Ընկերությունում շինարարական աշխատանքները կատարվում են ուռճացված գներով։ Ռուսաստանից բազմամիլիոն արժողությամբ սարքավորումներ են ներմուծվում, սակայն դրանք զուտ դեկորատիվ ֆունկցիա են կատարում բազմաթիվ միջոցառումների ժամանակ։ Օրինակ, վերջերս ձեռք է բերվել շարժակազմի ակերի լվացման սարքավորում, կրկին մի քանի միլիոն արժողությամբ, մինչդեռ շարժակազմի վերանորոգումը մինչ այսօր իրականացվում է Վրաստանում։
Բացի այս ամենը, նշենք, որ համաձայն ներդրումային ծրագրի, մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է հատկացված շարժակազմի՝վագոններ, էլեկտրաքարշեր և այլ սարքավորումների ձեռքբերման համար, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, կոնցեսիոն կառավարման ընթացքում ՀԿԵ-ի կողմից ընդամենը 30 վագոն է ձեռքբերվել: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը միայն այս տարի 2500 նոր վագոն է պատվիրել, 50 էլեկտրաքարշ և 10 ջերմաքարշ։
Նշենք, նաև, որ կոնցեսիոն կառավարման ընթացքում ՀԿԵ-ի աշխատակազմը կրճատվել է շուրջ 35%-ով և կրճատման տենդենցը շարունակվում է ու կշարունակվի, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր երկաթուղում աշխատավարձը տրվում է ինվեստիցիոն միջոցներից, ինչն անընդունելի է: Որովհետև ստացվում է, որ երբ ավարտվի ինվեստիցիոն ծրագիրը, աշխատակազմը ևս կկրճատվի, քանի որ ինքը` ՀԿԵ-ն, ի վիճակի չէ աշխատավարձ տալու համար գումար վաստակել: Իսկ այդ խնդիրները գալիս են նրանից, որ ընկերությունը սահմանել է խիստ, ոչ մրցակցային գներ բեռնափոխադրումների համար, ինչն էլ խոչընդոտում է բեռների ծավալի ավելացմանը։ Բեռնափոխադրումների սակագների բարձրացման տենդենցը ևս շարունակվում է, որի արդյունքում բազմաթիվ տնտեսվարողներ հրաժարվում են երկաթուղային բեռնափոխադրումից, և նախընտրում են ավտոմոբիլային փոխադրումը, որը, այս պահի դրությամբ, ավելի մատչելի է:
Եվ, եթե այս ամենից հետո ՀԿԵ-ի ղեկավար Սերգեյ Վալկոն համարում է, որ ընկերությունը վնասով չի աշխատում և ամեն ինչ կարգին է, ապա նա նվազագույնը՝ իրավիճակն ադեկվատ գնահատելու ընդունակությունը կորցրել է։








































