ԱՄՆ-ը մասամբ դադարեցրել է պատժամիջոցների գործողությունը մի շարք բելառուսական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից և կգործի մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը։ Որոշումը տարածվում է այնպիսի ձեռնարկությունների վրա, ինչպիսիք են «Բելառուսական նավթային առևտրային տունը», «Բելնեֆթքիմը» և նրա ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, «Բելշինան», «Գրոդնո Ազոտը», «Գրոդնոքիմվոլոկնոն», «Լակոկրասկան», «Նաֆտանը» և «Պոլոցկ Ստեկլովոլոկնոն»։
Համաձայն փաստաթղթի տեքստի՝ գործարքներն այդ ընկերությունների հետ կրկին թույլատրվում են, պահպանվում են, սակայն, մի շարք սահմանափակումներ։ ԱՄՆ-ում ընկերության՝ նախկինում արգելափակված ակտիվները շարունակում են մնալ նույն կարգավիճակում։ Եթե գործարքի արժեքը գերազանցի 10 հազար դոլարը, անհրաժեշտ կլինի այդ մասին զեկուցել Պետդեպին։
Ինչպես լրագրողներին բացատրել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները, քանի որ Բելառուսի իշխանություններն օգոստոսին ազատ էին արձակել 6 ընդդիմադիրների, որոնց Արևմուտքը համարում է քաղբանտարկյալներ։ Կիրբիի խոսքով՝ պատժամիջոցների այդ սահմանափակ մեղմացումը դուռ է բացում բելառուսական տնտեսության կոմերցիոն կապերի ընդլայնման համար։





































