Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունը փոխել է իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Թոմաս Շենոնը:
«Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունը նոր դինամիկա է ստեղծել Սիրիայում տիրող իրավիճակում։ Դրա հետ կապված՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարել հավաքել բոլորին և հստակեցնել, թե արդյոք նրանք նպատակամղվա՞ծ են պայքարել ԴԱԻՇ-ի ու ահաբեկչության դեմ, ինչպես նաև պատրա՞ստ են աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Ասադին համոզեն հեռանալ»։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջիկա հանդիպմանն իրենց մասնակցությունը հաստատել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը, Կատարը, Լիբանանը, ԵՄ-ն ու Ֆրանսիան։







































