Գվատեմալան Պաղեստինը ճանաչել է ինքնիշխան պետություն՝ հույս հայտնելով, որ այս քայլը կօգնի խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք որոշեցինք միանալ լատինամերիկյան երկրների ճնշող մեծամասնությանը և ճանաչել Պաղեստինի պետությունը ազատ, ինքնիշխան և անկախ պետություն» ,- ասվում է Գվատեմալայի նախագահի հայտարարության մեջ:
Այնտեղ նաև նշվում է, որ տվյալ որոշումը չի անդրադառնա «Իսրայելի հետ բարեկամության և համագործակցության վրա, որոնք Գվատեմալայի իշխանությունը բարձր է գնահատում»:
Նշենք, որ Պաղեստինի պետականությունը ներկայում ճանաչում են ավելի քան 130 երկրներ, այսինքն ՄԱԿ 193 անդամ պետությունների շուրջ 2/3-ը: 2012 թ. նոյեմբերին Պաղեստինը ձեռք է բերել դիտորդ պետության կարգավիճակ ՄԱԿ-ում: Համապատասխան բանաձևը հաստատել են ՄԱԿ անդամ պետություններից 138-ը:









































