Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կատարվել է խոշորագույն հնագիտական բացահատում՝ կապված հին հռոմեական շրջանի հետ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 հազար իրեր քաղաքի այն հնագույն շրջանից, որտեղ ներկայում Լոնդոնի ֆինանսական կենտրոնն է:
Շնորհիվ հողի բարձր խոնավության՝ հրաշալի պահպանվել են օրգանական նյութից պատրաստված իրերը: Այդ պատճառով էլ հնագետներն օբյեկտն անվանել են «Հյուսիսային Պոմպեյ»: Նրանք կարծում են՝ հայտնաբերված իրերի անալիզը կարող է «տեղափոխել» քաղաքի հիմնադրման տարեթիվը, որը ներկայում համարվում է մեր թվարկության 47 թվականը:
Իրերը հայտնաբերվել էին Լոնդոնի թանգարանի մասնագետների կողմից՝ «Բլումբերգ» գործակալության նոր եվրոպական կենտրոնական գրասենյակի շինարարության ժամանակ:
Գտածոները թվագրվում են այն շրջանին, որը ներառում է 40 թվականից մինչև 5-րդ դարը:
Հայտնաբերված իրերի թվում կան 250 կոշիկ, ինչպես նաև կաշվի կտոր՝ վրան պատկերված գլադիատոր: Հայտնաբերվել են նաև հագուստի պատառիկներ, փայտե դուռ, հմայիլներ: Գտնվել են նաև ավելի քան 100 աղյուսներ՝ վրան գրություններ, մեծ մասը՝ սիրային:
Պեղումների վայրում գտնվել է Միտրա աստծո տաճարը:








































