Estee Lauder կոսմետիկ ընկերության ժառանգորդ Լեոնարդ Լաուդերը Նյու Յորքի Metropolitan թանգարանին նվիրաբերել է կուբիզմի ոճով իր նկարների հավաքածուն: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հավաքածուն գնահատվում է 1 միլիարդ դոլար:
Հավաքածուի 78 աշխատանքներից 33-ը պատկանում են Պաբլո Պիկասոյի վրձնին, 17-ը՝ Ժորժ Բրակի, 14-ը՝ Խուան Գրիսի, 14-ը՝ Ֆերնան Լեժեի: Այն հավաքվել է 37 տարի և համարվում է կուբիզմի ոճով աշխատանքների լավագույն հավաքածուներից մեկը:
Լաուդերի խոսքով՝ ինքը որոշել է հավաքածուն նվիրել թանգարանին, քանի որ ճիշտ է համարում կուբիզմն ուսումնասիրել աշխարհի լավագույն թանգարաններից մեկում: Այն համարվում է 20-րդ դարի արվեստի հիմնական ուղղություններից մեկը:
Լաուդերի նվիրաբերած նկարները հանրությանը հասանելի կլինեն միայն 2014թ. աշնանը:










































