Մարգարետ Թետչերի մահվան օրը Wikileaks-ը Facebook-ի իր էջում ևս մեկ անգամ հրապարակել է նրա անվան հետ կապված փաստաթղթեր: Դրանք 429-ն են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փաստաթղթերն առնչվում են 1973-ի վերջից 1976 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ուղղություններին և առանցքային իրադարձություններին: Դրանք վերաբերում են նաև խորհրդարանական ընտրություններին, պահպանողականների ներկուսակցական պայքարին և Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրներին: Որոշ փաստաթղթերում ներկայացված է Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կառավարությունների միջև նամակագրությունը:
Հիշեցնենք, որ երեկ 87 տարեկանում ուղեղի կաթվածի հետևանքով մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին և երկրի պատմության մեջ միակ կին վարչապետը:








































