Մոլորակի բնակիչները վիթխարի քանակությամբ մթերք են թափում, և դրա ֆոնին մթերքի սղությունը շուտով խնդիր կդառնա ոչ միայն աղքատների, այլև մնացած բոլորի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Համաձայն Նոր Օռլեանում գտնվող Ամերիկյան քիմիական ընկերակցության հրապարակած վերջին տվյալների՝ ամերիկյան միջին վիճակագրական ընտանիքը թափում է գնված սննդամթերքի շուրջ 40 տոկոսը:
Հետազոտողների տվյալներով՝ աղբամանն է նետվում հատկապես սառնարանում երկար մնացած սնունդը: Եվ դա տեղի է ունենում ԱՄՆ-ում՝ երկիր, որտեղ 46 մլն մարդ չի կարող վստահել վաղվա օրվան, և որտեղ հինգ երեխաներից մեկն ապրում է աղքատության մեջ:
Մեծ Բրիտանիայում ցուցանիշները փոքր-ինչ ավելի լավ են: Ամեն տարի բրիտանացիները աղբամանն են նետում 7 մլն տոննա մթերք: Սակայն այստեղ աղքատության մեջ է ապրում չորս երեխաներից մեկը:
Փորձագետների տվյալներով՝ գլոբալ մասշտաբով իրադրությունը բարդ է: Աշխարհում գնված մթերքի 30-50 տոկոսը այդպես էլ չեն սպառում նրանք, ովքեր գնել են: Այդ մթերքից օգտվում են առնետները, մկներն ու այլ կենդանիներ:
Մոլորակի բնակչության աճի պատճառով սննդի խնդիրը լրջորեն կսրվի: Որոշ գնահատականներով մինչ 2030 թվականը մոլորակի բնակչությունը կհասնի 8 միլիարդի, իսկ մինչ 2050 թվականը՝ 9 միլիարդի:
Բարդացող իրավիճակից ելքի տարբերակ կարող է դառնալ գիտությունը, օրինակ՝ գենետիկան: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել գյուղատնտեսական մշակաբույսերի նոր տեսակների ուղղությամբ, որոնք կկարողանան կերակրել բոլորին:









































