«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանություններն ամրակետեր են տեղակայել Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասերում և ուժեղացրել զինվորների մասնակցությամբ պարեկությունը ողջ երկրում։
Դա արվում է նրա համար, որ կանգնեցվի սառը զենքի կիրառմամբ պաղեստինցիների հարձակումների ալիքը։ Իսրայելի կառավարությունը երեքշաբթի արտակարգ ռեժիմով ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մասշտաբային ծրագիր՝ ընդլայնելով ոստիկանության լիազորություններն ու թույլատրելով այդ նպատակով օգտագործել բանակը։ Ոստիկաններին լիազորել են ինքնուրույն որոշել, թե երբ և որտեղ է անհրաժեշտ արգելափակել Արևելյան Երուսաղեմի ամբողջական շրջանները։









































