Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռն, ճապոնական Toyota Motor կորպորացիան կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը ամբողջովին կդադարեցնի բենզինով աշխատող ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը և ամբողջովին անցում կկատարի հիբրիդային ավտոմեքենաների թողարկմանը։
Ընկերությունն այդ մասին հայտարարել է Տոկիոյում՝ իր «Тoyota 2050-բնապահպանական խնդիրներ» ծրագիրը ներկայացնելիս։ Հավակնոտ այդ պլանի գլխավոր նպատակը վնասակար նյութերի արտանետման էական կրճատումն է։ Toyota-ն խոստացել է, որ ամեն կերպ առաջ կտանի այդ գաղափարը և կփորձի համոզել կառավարությանը, մյուս ընկերություններին ու շահագրգիռ բոլոր կողմերին, որ դա անհրաժեշտ քայլ է, և կարելի է 2050 թվականին արտանետումների ծավալը կրճատել 90 տոկոսով՝ համեմատած 2010 թվականի մակարդակի հետ։









































