ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համամիտ չէ, որ Սիրիայում ռուսական ռազմական արշավն ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու Վլադիմիր Պուտինի փորձն է: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Նշվում է, որ երբ CBS ալիքին տված հարցազրույցի ընթացքում Օբամային հարցրել են՝ արդյոք Պուտինի վարքն ԱՄՆ նախագահի առաջնորդությունը կասկածի տակ դնելու ցանկություն չէ՞, նա փորձել է խոսքը այլ ուղղությամբ տանել:
«Եթե դուք մտածում եք, որ երկրի տնտեսությունը գետնին տրորելը և իր միակ դաշնակցին աջակցելու զորքեր ուղարկելու որոշումը խոսում է վստահ առաջատարության մասին, նշանակում է՝ մենք այդ բառի տարբեր ընկալումներ ունենք»,- ասել է Օբաման:
«Առաջնորդության իմ սահմանումը ներառում է ամբողջ համաշխարհային հասարակության մոբիլիզացումը՝ համոզվելու նպատակով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա: Ինչ վերաբերում է մերձավոր Արևելքին՝ մենք 60 երկրից կոալիցիա ունենք, որը չի աջակցում Ռուսաստանի ռազմավարությանը: Նրանք, ընդհակառակը, պնդում են, որ այդպիսի ռազմավարությունը չի գործի»,- հավելել է նա:
Օբամայի խոսքով՝ «Սիրիան ծանր խնդիր է ողջ աշխարհի համար», և խոստովանել է, որ սիրիական ընդդիմությանը մարզելու և զինելու ԱՄՆ-ի փորձերն անհրաժեշտ արդյունք չեն տվել:







































