Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև ամսվա վերջ այցելել տարածաշրջան և բանակցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ հանդիպման անցկացման ժամկետն ու վայրը կախված կլինեն երկու երկրների նախագահների որոշումից. «Դա է լինելու մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք համաձայնություն են տվել բանակցությունների ինտենսիվացմանը։ Մենք հավատում ենք, որ դա կարևոր քայլ է՝ խաղաղ ճանապարհով տվյալ հակամարտությունը կարգավորելու համար»։







































