BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ի 5 երկրներ աջակցել են Լիբիայի կառավարության միավորմանը՝ գտնելով, որ կառավարության ձևավորման ձգձգումը ձեռնտու է միայն ահաբեկիչներին, որոնք շահագրգռված են անկարգություններում։
Լիբիայի ազգային միասնության կառավարությանը մասնավորապես կողմ են արտահայտվել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան, ինչպես նաև ԱՄՆ-ը։ Նրանց տարածած համատեղ հայտարարությունում նշված է. «Մենք բոլոր լիբիացիներին, ժողովրդին, քաղաքական կուսակցությունների, քաղաքապետարանների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել պատմական այդ համաձայնությանը և հնարավորություն տալ, որ ազգային միասնության կառավարությունը ծառայի երկրին։ Այլևս վատնելու ժամանակ չկա»։
2014 թվականի օգոստոսին մի շարք զինված խմբավորումներ՝ ներառյալ ահաբեկիչները, գրավել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին՝ միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարությանը հարկադրելով փախչել երկրի արևելք և բազավորվել Թոբրուք քաղաքում։









































