«Իրանի և «Վեցյակի» բանակցություններն ընթանում են բարդ, սակայն հետաքրքիր, առաջանում են նոր շրջադարձեր, որոնց ելքը դժվար է կանխագուշակել»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Բանակցությունների առաջին օրը «Իրանի պատվիրակությունը մանրամասն ներկայացրեց «Վեցյակին» հետաքրքրող խնդիրների լուծման իր տարբերակը»,- Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
«Վեցյակն» էլ, իր հերթին, Իրանին առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել 5 տոկոսից ավելի ուրանի հարստացումը:
Փոխնախարարը հավելել է, որ Ռուսաստանը կողջունի Իրանի՝ լրացուցիչ բանակցությունների վերաբերյալ ջանքերը:
«Այն, որ Իրանի պատվիրակությունը «Վեցյակի» նկատմամբ կոնկրետ դիրքորոշում ունի՝ անվիճելի է: Դա ևս վկայում է, որ բանակցություններն ընթանում են ամենայն լրջությամբ և նման չեն նախորդ բանակցություններին՝ ո՛չ արված առաջարկություններով, ո՛չ գաղափարներով: Դա լավ տպավորություն է գործում»,- նշել է Ռյաբկովը:
Նա հավելել է նաև, որ հնարավոր է խնդիրների լուծման ցանկացած տարբերակ՝ նշելով, որ «Վեցյակի» «ներսում» գոյություն ունի մեծ փոխըմբռնում:










































