Թուրքիան պատրաստ է միջոցառումներ ընդունել իր անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի վերացման համար։ Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ ներկայում երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում ԴԱԻՇ-ի գործողությունները Թուրքիայի սահմանների մոտ։
Բացի այդ, օգտվելով Սիրիայում և Իրաքում անկայունությունից՝ իրենց նպատակներին են ցանկանում հասնել այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու նրա սիրիական թևը՝ ասել է Աքարը։
«Թուրքիան միջազգային իրավունքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում աջակցություն է ցուցաբերում կոալիցիոն ուժերին, որոնք կռվում են ԴԱԻՇ-ի դեմ»,- նշել է Գլխավոր շտաբի պետը։
Նրա խոսքով՝ այդ նպատակների համար Թուրքիան կոալիցիոն ուժերի համար բացել է իր օդային տարածքն ու մի շարք ռազմաբազաներ։ Բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերն ակտիվորեն մասնակցում են ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածներին։
«Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի վճռական պայքարն ընդդեմ ահաբեկչության ցանկացած տեսակի»,- ասել է Աքարը։
Նա նշել է, որ Թուրքիան այդ շրջանակում ջանքեր է ներդնում՝ ժողովրդավարական և բազմամշակութային Սիրիայի ձևավորման համար։
Նրա խոսքով՝ մինչ օրս օտարերկրացի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում Թուրքիան արգելել է երկիր 20 հազար օտարերկրացիների մուտքը։
Աքարը նաև նշել է, որ այդ համատեքստում Թուրքիան իրականացրել է սիրիացի փախստականների նկատմամբ «բաց դռների» քաղաքականություն՝ նրանց միջև չդնելով էթնիկ, կրոնական տարբերություններ։





































