Մի խումբ ճարտարապետներ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի «Փակ շուկայի» շինարարական աշխատանքների փաստով քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատժելու պահանջով: Երեկ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին պատասխանել է այդ դիմումին և հայտնել, որ «Փակ շուկայի» շինարարական աշխատանքներում հանցակազմ չկա:
«Հայկական ժամանակը» մեջբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես. «Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնել կամ վնասևը»: Մեջբերում.
«1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնել կամ վնասելը՝
– պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝
– պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյորապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով…»
Իսկ ո՞վ է որոշել, որ «Փակ շուկան» «Պատմության և մշակույթի հուշարձան» է: Սա էլ հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ, որը վերնագրված է այսպես. «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հոշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին»: Այդ որոշման թիվ մեկ հավելվածի 1.6 աղյուսակի 152-րդ կետն է, որտեղ գրված է. «Շուկայի շենք, կենտրոնական ծածկած շոկա: Հասցեն՝ Մաշտոցի պողոտա 3ա…»:
Եվ ուրեմն ի՞նչ ունենք: Ունենք ուղղակի մեջբերում ՀՀ քրեական օրենսգրքից, ունենք մեջբերում ՀՀ կառավարության որոշումից: Ամենևին էլ պետք չէ թույն իրավաբան լինել պնդելու համար, որ այս երկու մեջբերումներում որևէ երկիմաստություն չկա՝ ամեն ինչ հստակ է ու միանշանակ: Եթե կառավարության որոշմամբ «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը» վնասում ես, ապա դա ըստ ՀՀ քր օրի 264 հոդվածի ՝ հանցագործություն է և այդ նույն հոդվածով սահմանված է պատժի չափը: Մնում է համոզվենք, որ «Փակ շուկան» վնասվել է: «ՀԺ»-ն հրապարակել է Փակ շուկայի լուսանկարը, որից երևում է՝ միանշանակ է՝ վնասվել է: Ու հիմա կրկնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը ճարտարապետներին՝ հանցակազմը բացակայում է: Հանցակազմ չլինելու մասին պնդումները նոր չեն և դրանց հեղինակը միայն դատախազությունը չէ: Մի խումբ քաղաքացիներ դեռ մեկ ամիս առաջ դիմել էին ՀՀ ոստիկանություն «Փակ շուկայի» կամարները քանդելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Այնտեղից ստացել էին պատասխան, թե «կառույցը վնասելու կամ ոչնչացնելու վերաբերյալ տվյալները չեն հիմնավորվել, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Հասկանո՞ւմ եք, կառույցը վնասելու վերաբերյալ տվյալները չեն հիմնավորվել: Ոչ մի կերպ չի հիմնավորվում, որ կառույցը վնասվել է: Այն ինչ կատարվում է «Փակ շուկայի» հետ, վնասում չէ, պարզապես մի քիչ փոշի է նստել վրան, հիմա փոշու շորով սրբում են: Պետք է հատուկ տաղանդ ունենալ, պետք է օլիգարխների նկատմամբ հատուկ «ակնածանք» ունենալ, որպեսզի «Փակ շուկայի» հետ տեղի ունեցածի մեջ հանցակազմ չգտնել: Առավել ևս երբ այդ հանցակազմը փնտրելու կարիք չկա, այն գտնվում է Մաշտոցի պողոտայի 3ա հասցեում:
Բայց արժե՞ արդյոք զարմանալ: Իսկ մեր օլիգարխների, կամ նրանց մերձավոր հարազատների որևէ գործողության մեջ մեր իրավապահները երբևէ հանցակազմ տեսե՞լ են: Հիշո՞ւմ եք նման դեպք: Մարդասպանությունը նույնպես ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն է: Ի՞նչ եք կարծում, եթե մեր օլիգարխները, կամ նրանց մերձավոր հարազատները օրը ցերեկով մի հազար հոգու աչքի առաջ մարդ սպանեն, մեր դատախազությունը կամ ոստիկանությունը նրանց գործողությունների մեջ հանցակազմ կտեսնի՞: Իհարկե չի տեսնի: Եթե Երևանի կենտրոնում արդեն ավելի քան մեկ տարի ամեն օր հուշարձան քանդելու մեջ հանցակազմ չեն տեսնում, ինչո՞ւ պետք է մարդասպանության մեջ հանցակազմ տեսնեն: Ընդհանրապես երկիրը թշվառության ու անհուսության հասցնելու ամենակարճ ճանապարհը մի խումբ մարդկանց գործողությունների մեջ ոչ մի դեպքում հանցակազմ չգտնելն է: Ու այդ ճանապարհով Հայաստանը գնում է արդեն տարիներ շարունակ: Հայաստանի բոլոր դժբախտությունները, առանց չափազանցության, հենց «հանցակազմի բացակայության» մեջ է: Թերևս նաև «հանցակազմի բացակայությունը» նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ իր հայտնի ասուլիսի ժամանակ ասում էր, թե «Նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հանցագործության մասին փաստաթուղթ կա՞: Չկա: Չկա, որովհետև «հանցակազմ չկա»: Ու եթե «հանցակազմ չկա»՝ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Սա փակ շղթա է:









































