Անցած տարի կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծված ու սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը, պատրաստվում է դիմել վերին ատյաններին, քանի որ քրեական գործի նախաքննությունը, հիմա նաև՝ դատաքննությունը, ընթանում է անարդարությամբ և կողմնապահությամբ։ Այս օրերին շարունակվող դատական նիստերի ժամանակ էլ, տիկին Թումանյանի խոսքով, գործով մեղադրող դատախազն է ստանձնել մեղադրյալների, այդ թվում՝ Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի պաշտպանությունը։
Տիկին Մարիետան և սպանված ազատամարտիկի կինը դատախազի շահագրգռվածությունը բացատրում են կաշառքի հանգամանքով։ «Մեզ ուրիշ բան չի մնում մտածելու։ Վարդանի կինն էլ է նույնը պնդում, հակառակ դեպքում ոչ մի տրամաբանության սահմանում չի տեղավորվում թե նախաքննական մարմնի պահվածքը, թե դատախազի»,- ասաց տիկին Թումանյանը։
Սպանված ազատամարտիկի քույրը պնդում է, որ մինչև դատաքննության ավարտը Ջունգլն ու ծեծին մասնակից իր ընկերները պետք է կալանավորված մնային, քանի որ սպանությունից հետո կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվելուց հետո այդ թիմը հասցրել է արդեն մի քանի քրեական պատմությունների մեջ հայտնվել՝ նախ, տիկին Մարիետայի խոսքով, փախուստի փորձ են իրականացրել, ինչի արդյունքում վթարի են ենթարկվել, ապա ոստիկան են ծեծել, ինչպես նաև բակում «ռեկետ» են իրականացնում՝ բակում կանգնելու և առևտուր իրականացնելու համար առևտրականներից հսկայական ապրանք են վերցնում և նոր թույլատրում կանգնել բակում։
Տիկին Մարիետայի խոսքով՝ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այս աղմկահարույց գործով ընդամենը մեկ հոգի պատասխանատվության ենթարկվի, որին հետագայում ազատելն ավելի հեշտ կլինի։ «Դատարանում մենք արդեն տեսնում ենք, որ ցուցմունքներ են հնչում. Սարգիսն ասում է, որ ինքը մենակ է եղել, Ջունգլն այնտեղ չի եղել։ Սրանով փորձում են ամեն ինչ բարդել Սարգիսի վրա, որ Ջունգլը մնա ազատության մեջ, ու բերդում Սարգիսին լավ նայեն»,- ասաց տիկին Մարիետան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































