ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում` այն անվանելով ամենասարսափելին Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր, գրում է RIA Novosti-ն:
«Ինչպես երևում է, Սիրիան ամենաբարդ լուծվող հակամարտությունն է, այնտեղ մի վտանգին հետևում է մյուսը` քիմիական զենքի կիրառումը, ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) և այլ ծայրահեղական խմբավորումների գլուխ բարձրացնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ ճգնաժամն ու երկրի ներսում 8 մլն մարդու տեղաշարժը: Մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք` քաղաքացիական բնակչությանը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներից պաշտպանելու համար»,- ասել է Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ նիստում իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքերով` «մենք պարտավորվածություն ունենք սիրիացի ժողովրդի առջև` դատարանի առջև կանգնեցնելու նրանց, ով պատասխանատվություն է կրում հանցագործությունների համար»: Նա կոչ է արել «ՄԱԿ-ի ԱԽ անդամներին համակողմանիորեն ապահովելու իշխանափոխության գործընթացը Ժնևի կոմյունիկեի հիման վրա»:









































