Հայաստանը և հայ հասարակությունը հայտնվել են բոլորովին նոր իրավիճակում, որը պայմանականորեն կարելի է անվանել անընդհատ պատերազմական վիճակ: Եթե նախկինում ադրբեջանական կողմը ընդամենը խախտում էր հրադադարի ռեժիմը և կրակում էր հայկական զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների վրա, ապա հիմա հրետակոծում է հայկական գյուղերն ու քաղաքները՝ թիրախ դարձնելով բանակի թիկունքում գտնվող ստորաբաժանումները:
Ադրբեջանի ղեկավարությունը մտածում է, որ Հայաստանը բավականաչափ ուժ չունի երկար ժամանակ դիմանալու ճնշմանը, և բավական է Հայաստանին պարտադրել իրավիճակի ավելի մեծ լարվածություն, Հայաստանը կհանձնվի: Ադրբեջանի ղեկավարությունը չի համարձակվում գնալ լայնամասշտաբ հարձակման՝ վախենալով, որ այդ դեպքում ինքը կարող է պարտություն կրել, բայց փորձում է հնարավորինս արագ մաշել Հայաստանի ռեսուրսները՝ մտածելով, որ դրանք խիստ սահմանափակ են: Ինչ պետք է անի նման իրավիճակում Հայաստանը՝ այդ դիմակայությանը պատասխանելու և դրանից հաղթող դուրս գալու համար:
Բանակի հետ կապված ամեն ինչ պարզ է. Հայաստանի բանակը հիմա ամենևին էլ այն չէ, ինչ մենք ունեինք 15 կամ 10 տարի առաջ: Բանակի հրամանատարական կազմը ամբողջովին թարմացվել է, և ֆիդայատիպ կերպարները փոխարինվել են երիտասարդ ու պրոֆեսիոնալ զինվորականներով: Բանակում նվազագույնի են հասցված գողական բարքերը, զրամասերի հրամանատարները այլևս թիկնազորով շրջող ռազմական օլիգարխիայի ներկայացուցիչներ չեն, ինչի արդյունքում ավելացել է զինվորական կարգապահությունը: Բանակի հրամանատարությունը՝ խոսքն առաջին հերթին զորամասերի հրամանատարների մասին է, ովքեր ամենից լավ են տիրապետում իրավիճակին տեղերում, վստահեցնում են, որ բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված նույնիսկ ամենաբարդ թվացող առաջադրանքները, կանխելու ադրբեջանական կողմի սադրանքները:
Բայց արդյո՞ք արդար է մտածել, որ բանակը մեր փոխարեն ամեն ինչ կանի, և մենք պետք է հանգիստ լինենք, որ ունենք ավելի կարգապահ և ավելի պատրաստված բանակ՝ տնտեսական և մարդկային ավելի մեծ ռեսուրսների տիրապետող: Ադրբեջանի դեմ դիմակայության համար անհրաժեշտ է, որ էապես փոխվեն Հայաստանում տիրող հասարակական հարաբերությունները, պետք է, որ ամբողջ երկիրը պատրաստ լինի այդ տևական դիմակայությանը, և երկիրը վերակառուցվի այդ դիմակայության պահանջներին համապատասխան:
Ադրբեջանի հետ տևական պատերազմի ռեժիմը պահանջելու է պետական միջոցների ավելի խնայողական և արդյունավետ ծախսում, որպեսզի խնայված միջոցներով հնարավոր լինի գնել ավելի մեծ քանակությամբ սպառազինություն և ավելի զգալի օգնություն հատկացնել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Յուրաքանչյուր ականանետի արկ և հրթիռ բավական գումար արժե, եթե նախկինում սահմանամերձ գյուղի բնակիչը կարող էր իր այգին մշակելով ապահովել իր ապրուստի համար անհրաժեշտ նյութական միջոցները, ապա հիմա պետությունը պետք է հոգա ամեն ռմբակոծությունից հետո նրանց կրած նյութական վնասների փոխհատուցման հարցը:
Պատերազմող երկրում չի կարող լինել երկու իրականություն. մեկը սահմանային, որտեղ մարդիկ պայքարում են թշնամու դեմ, ամենօրյա ռեժիմով ենթարկվում ռմբակոծությունների, վտանգի ենթարկում իրենց կյանքը, և երևանյան իրականություն, որտեղ օլիգարխները, նախարարներն ու պատգամավորները ապրում են շռայլության և ճոխության մեջ: Պետք է պետությունը գտնի մեխանիզմ, որպեսզի բոլորը հավասարապես կրեն պատերազմի դժվարությունները և հոգսերը: Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է տեսնի և հասկանա, որ այդ պատերազմը վերաբերում է բոլորին, և ոչ թե միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և բանակին:
Պետք է լուրջ փոփոխության ենթարկվի տնտեսական համակարգը:
Հայաստանի արտոնյալ օլիգարխիան և իշխանության ներկայացուցիչները, ովքեր մինչև հիմա օժտված են եղել հարկային արտոնություններով, պետք է հարկվեն այնպես, ինչպես հիմա հարկվում են առանց տանիքի գործող փոքր խանութները կամ կրպակները, այսինքն՝ պետք է հարկվեն ամբողջությամբ, և ոչ թե իրենց քմահաճույքով ինչ-որ գումար մուծեն բյուջե կամ չմուծեն ընդհանրապես: Հարկեր թաքցնելը կամ հարկային արտոնություններ սահմանելը պետք է համարվի մեծագույն հանցագործություն, որովհետև այդ գումարները առաջին հերթին ուղղված են լինելու երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ուղղված են լինելու պատերազմում հաղթանակի ապահովմանը:
Պետք է արմատապես փոխվի երկրի արդարադատության համակարգը, և մարդը պետք է հասկանա, որ ինքը պաշտպանված է սեփական պետության կողմից: Միայն այդ դեպքում քաղաքացու մոտ իրական ցանկություն կառաջանա պաշտպանել սեփական պետությունը: Այլապես նա երկիրը չի համարում իրենը, և ինչ քարոզչություն էլ իրականացվի, սեփական երկրից փախչելու ցանկությունը չի դադարի:
Եվ ամենակարևորը. պետք է փոփոխության ենթարկվի երկրի քաղաքական համակարգը, որը հնարավոր է միայն արդար ընտրական ինստիտուտների հաստատման դեպքում, որպեսզի հասարակությունը կարողանա ընտրել սեփական իշխանությունը և հավատա այդ իշխանություններին: Շատ դեպքերում, հակառակը ապացուցելու համար բերվում է ավտորիտար իշխանությունների օրինակը, և ասվում է, թե ինչպես է, որ ավտորիտար լիդերների պարագայում այդ երկրները պատերազմի դաշտում հաղթանակ են տարել: Ասում են՝ ԽՍՀՄ-ում ժողովրդավարություն չկար, բայց Ստալինի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ը հաղթանակ տարավ: Չնայած Ստալինը երկիրը կառավարում էր ոչ դեմոկրատական մեթոդներով, սակայն նա խորհրդային ժողովրդի մոտ ուներ 100 տոկոսին մոտ հեղինակություն և վստահություն: Գուցե այդ հեղինակությունը հիմնված էր վախի վրա, բայց դա քննարկման այլ թեմա է:
Չի կարող երկրի բնակչությունն անվստահություն դրսևորել սեփական ղեկավարության նկատմամբ, երկիրը թաղված լինի քաղաքական հակասությունների և ներքաղաքական հակամարտության մեջ, և այդ երկիրը պատերազմում հաղթանակ տանի: Ալիևը գնում է տոտալիտար վարչակարգ հաստատելու ճանապարհով՝ Ադրբեջանում վերացնելով բազմակարծության և մամուլի ու խոսքի ազատության ցանկացած դրսևորում: Հայաստանում հասարակությունը կարող է համախմբվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված և հասարակության վստահությունը վայելող իշխանության շուրջ:
Միայն այս ամենը անելու և ընդհանրապես Հայաստանը տևական պատերազմին պատրաստելու ուղղությամբ հնարավոր բոլոր քայլերը անելու դեպքում է, որ կարելի է հավատալ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 26-ին արված հետևյալ հայտարարությանը. «Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն… Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ… Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնելե… Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր Ադրբեջանի կողմից իրականացվող հրետակոծությունների հեղինակներին: Չնայած Սարգսյանի հայտարարության կոշտ տոնին, հնարավոր է, որ դրանք այլևս չդադարեն, և մենք ամեն օր լսենք ու տեղեկանանք նման հրետակոծությունների և դրանց պատճառած մարդկային և նյութական կորուստների մասին:









































