Արարատի մարզի գյուղացիները այսօր առավոտան փակել են ճանապարհը՝ պահանջելով կարգավորել խաղողի մթերումների հարցը: Գյուղացիների բերքը բեռնատարների մեջ գործարանների դիմաց փչանում է: Նրանց պնդմամբ՝ ո՛չ վարչապետին պատկանող ընկերությունը, ո՛չ Ծառուկյանի ընկերությունը, ո՛չ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանը մթերման գործընթացը նորմալ չեն իրականացնում: Գյուղացիներն այս ամենի մեջ միտում են տեսնում. նրանց պնդմամբ՝ այսպես են անում, որպեսզի կոպեկներով մթերեն:
Յուվեցի Կարոյին պատկանող ընկերությունը խաղոը մթերում է ոչ թե 140 դրամով, այլ 80 դրամով, ուստի գյուղացիները ճարահատյալ համաձայնում են մթերման այդ պայմաններին: Ճանապարհը փակած գյուղացիներին մոտեցել են մարզպետ Հովիկ Աբովյանն ու ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Նրանք փոխանակ գյուղացիներին հանդարտեցնեն՝ հորդորել են հարմարվել, ինչպես գյուղացիները պնդեցին՝ Յուվեցի Կարոն հայհոյախառն արտահայտություններ է արել:
Գյուղացիները խոստանում են էլի ճանապարհ փակել, քանի որ հոգնել են օրերով գործարանների մոտ կանգնելով, բացի դրանից՝ գործարանները մթերում են իրենց բերքի մի մասը: Գյուղացիներից շատերը նշեցին, որ այնքան նյարդայնացած են եղել, որ բերքը թափել են:








































