Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ մտադիր չէ պահանջել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնաթողությունը:
Ըստ Sunday Telegraph-ի տեղեկատվության՝ այսուհետ Լոնդոնը արգելք չի լինի, որ «անցումային շրջանում» Սիրիայի առաջնորդը մնա իր պաշտոնում: Քեմերոնը դեմ չէ նախագահ Ասադին` կարճաժամկետ հեռանկարով, քանի դեռ պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն:
Sunday Telegraph-ը նշում է, որ Լոնդոնի դիրքորոշման փոփոխությունը կարելի է դիտել որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակ, որը պարզորեն ցույց է տվել Ասադին օգնելու իր պատրաստականությունը` Արևմուտքի կողմից անմիջական ռազմական սպառնալիքի դեպքում զենքեր մատակարարելով:
«Թույլատրելով Ասադին գոնե ժամանակավորապես մնալ իշխանության ղեկին՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը կատարում են Կրեմլի գլխավոր պահանջը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցության համար ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու գործում»,- գրում է պարբերականը:









































