«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ:
– Պարոն Սասունյան, Հայաստանում ներդրումային միջավայրը սփյուռքահայերին ոչ մի կերպ չի բերում Հայաստան: Ի՞նչն է պատճառը: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է Հայաստանում կոռուպցիայի մասին նույնիսկ որպես անվտանգությանը սպառնացող երևույթի, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ դա դեսպանի անձնական կարծիքն է, դա իրեն չի վերաբերում, թող նա զբաղվի իր դիվանագիտական գործունեությամբ: Ի՞նչ կարող եք Դուք ասել այս առնչությամբ:
– Իմ կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ՝ լինի պայքար կոռուպցիայի դեմ, դատարանների արդար որոշում, թե ոստիկանության ճիշտ աշխատանք, մինչ օտար դեսպաններով մտահոգվելը, կամ Եվրոպայով ու ՄԱԿ-ով, պետք է բարեփոխվեն՞ Պետք է վերացնենք կոռուպցիան, ներմուծենք արդարադատություն և ժողովրդավարություն: Այս ամենը բխում է նախ և առաջ մեր ժողովրդի շահերից: Այդ ամենը պետք է անենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, ոչ թե հաճոյանալու մի օտար դեսպանի: Դա սխալ մոտեցում է: Միակ պատճառը, որ դեսպանը իրավունք ունի բան ասելու, այն է, որ իրենք ֆինանսավորում են այս կամ այն նախագիծ, և նորմալ է, երբ մարդը ցանկանում է, որ իր ֆինանսավորած նախագիծը նպատակին ծառայի, արդյունք տա, և ոչ թե գումարները վատնվեն: Այդ տեսակետից նա իրավունք ունի արտահայտվելու: Բայց իրականում մենք որպես հայ՝ պետք է նախանձախնդիր լինենք մեր ժողովրդի ներկայով և ապագայով, բարօրությամբ, և մե՛նք պետք է գումարով մեր հարցերը լուծենք՝ ո՛չ քողարկենք, ո՛չ ուրիշներին մեղադրենք, այլ մեղադրենք մենք մեզ և ամեն ինչ բարելավենք, որովհետև մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կյանքի:
– Միացյալ Նահանգների սեպտեմբերի 21-ի հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:
– Ես հատուկ ուշադրություն չեմ դարձնում դրանց, որովհետև դրանք պրոտոկոլային հայտարարություններ են, որ ամեն տարի լինում են բոլոր երկրների կողմից: Սակայն դրանում հետաքրքիր պատգամներ կային Հայաստանի մասին՝ որ Հայաստանը պետք է առաջադիմի, ուշադրություն դարձնի մարդու իրավունքներին:
– Այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ հնարավո՞ր է Արևմուտքի աջակցությունը մեր իշխանություններին:
– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե այս հարցում Արևմուտքն ինչ դիրքորոշում ունի, և, ճիշտն ասած, դա ինձ չի էլ հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է հետևյալը՝ այդ փոփոխությունները մեր ժողովրդին ինչ-որ բան կտա՞ն, թե՞ ոչ: Ես ամեն ինչ դիտարկում եմ մեր ժողովրդի շահերի տեսանկյունից և ոչ թե՝ օտարն ինչ է ուզում: Ես չեմ ընդունում այն, որ մենք ամեն ինչ անում ենք օտարին հաճոյանալու համար, որ օտարը մեզ չքննադատի: Ինձ չի հետաքրքրում օտարը: Ինձ հետաքրքրում է այն, որ մեր ժողովուրդը մեզ սիրի, մեր ժողովուրդը լավ ապրի:
– Այս օրերին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Լոս Անջելեսում և փորձում է սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ձեր կարծիքով՝ Սփյուռքը Հայաստանի խնդիրներով մտահոգվա՞ծ է:
– Ես չեմ կարող խոսել ամբողջ Սփյուռքի անունից, այլ կարող եմ խոսել միայն իմ անունից՝ որպես սփյուռքահայի: Ես Սփյուռքը չեմ տարբերակում Հայաստանից՝ բոլորս էլ հայ ենք, և մեզ հետաքրքրում է ամեն ինչ, որ կատարվում է և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում: Հակառակ դեպքում իմաստ չի ունենա մեկ ժողովուրդ լինելը, իսկ մենք մեկ ժողովուրդ ենք: Անձամբ ես որևէ անձի միանալու պատճառ չունեմ: Ես կատարում եմ իմ գործը, և ինձ չեն հետաքրքրում ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմությունը. յուրաքանչյուրը թող կատարի իր անելիքը: Իսկ ես որպես հայ՝ կատարում եմ իմ անելիքը, իմ պարտքը:
– Այսինքն՝ կարևորը ոչ թե որևէ մեկին միանալն է, այլ ունեցած տեսլականով առաջնորդվելը:
– Այո, ես իմ կարծիքը ամեն շաբաթ հայտնում եմ հեռուստաժամով, դասախոսություններով: Հետևում եմ, իհարկե, բոլորի կարծիքներին, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը:








































