Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այս տարի հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի մի շարք տարրերի շուրջ ու նվազեցնել լարվածությունը շփման գծում:
«Մենք հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև այս տարվա վերջ։ Համանախագահներն այդ ծրագրերը ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում կքննարկեն երկու երկրների արտգործնախարարների հետ։ Մենք մշտապես պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպում»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Ուորլիքը հայտարարել է, որ երկու երկրներն էլ կիսում են ԼՂ հակամարտության կարգավորման ընդհանուր նպատակները, որը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
«Չնայած տարաձայնություններին, որ գոյություն ունեն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցության մյուս ոլորտներում՝ մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում՝ առաջընթացի հասնելու համար մեր ընդհանուր աշխատանքում, որպեսզի հանգենք երկարաժամկետ կարգավորման, որը կվերափոխեր Հարավային Կովկասը»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Armenpress-ի







































