Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները («Քրդական հարցի») կարգավորման գործընթացի սկսվելուց հետո առևանգել և իրենց հետ լեռներն են տարել ավելի քան 2000 երիտասարդի, որոնց մոտ կեսը եղել են երեխաներ։ Այս մասին նշված է Թուրքիայի անվտանգության ուժերի պատրաստած զեկույցում։
Տեղեկատվությունը հայտնի է դարձել երկրի արևելյան ու հարավարևելյան հատվածում վերջին շրջանում անվտանգության ուժերի ձեռնարկած գործողությունների ժամանակ։
Հաղորդվում է, որ PKK-ի կողմից առևանգվածների թվում կան 5 12 տարեկաններ, 25՝ 13 տարեկան, 57՝ 14 տարեկան, 166՝ 15 տարեկան, 224՝ 16 տարեկան, 452՝ 17 տարեկան, ընդհանուր առմամբ՝ 929 երեխա։ Եթե դրան գումարվի վերջին երկու տարում 18-ից բարձր տարիքի տղաների առևանգումը, ստացվում է, որ PKK-ի զինյալներն իրենց հետ լեռներն են բարձրացրել 2052 երիտասարդի ու պատանու։










































