Ճապոնիայում վարչապետ Սինձո Աբեի կառավարության վարկանիշը մեկ ամսում ընկել է 4.3 տոկոսով և հասել 38.9 տոկոս ցուցանիշին՝ այս շաբաթ ընդունված օրենքի ֆոնին. օրենքն ընդլայնում է ինքնապաշտպանության ազգային ուժերի լիազորությունները: Այս մասին են վկայում հրապարակված հասարակական հարցման տվյալները, որն անցկացրել է Kyodo տեղեկատվական գործակալությունը:
Հարցման տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությանը չաջակցելու մակարդակը հասել է 50.2 տոկոսի: Հարցվածների 81.5 տոկոսն ընդգծել է, որ «կառավարությունը բավականաչափ չի բացատրել» նոր օրենսդրության հետ կապված բոլոր ասպեկտները: 68 տոկոսը կարծում է, որ նոր օրենքների ընդունումից հետո պատերազմի մեջ երկրի ներգրավման հավանականությունը մեծանում է: Միայն 2.5 տոկոսն է կարծում, որ նման հավանականությունը նվազում է՝ շնորհիվ օրենսդրական բազայի նորացման:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն այս շաբաթ օրենք է ընդունել, որը ճապոնացի զինծառայողներին թույլ է տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ մասնակցել ռազմական գործողություններին՝ պաշտպանելու համար «բարեկամ երկրներին», եթե նույնիսկ Ճապոնիան չի ենթարկվել հարձակման:









































