Նյու Յորքի իշխանությունները ձերբակալել են խոշոր թմրախմբավորման ավելի քան 20 անդամի, որոնք առնվազն մեկուկես տարի գործել են մեգապոլիսի տարածքում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Բրուքլին շրջանի դատախազ Քեննեթ Թոմփսոնին:
Նրա տվյալներով՝ մեկ ընտանիքի անդամների կողմից կազմակերպված հանցավոր խմբավորումը առնվազն 2014թ. սկզբից նյույորքյան Բրուքլին և Սթեյթեն-Այլենդ շրջաններում թմրադիլերների ճյուղավորված ցանցի միջոցով իրականացրել է հերոին և այլ արգելված նյութերի ապօրինի վաճառք:
Դատախազությունում հայտնել են, որ նշված ժամկետում հանցավոր խմբավորումը կարողացել է անօրինական ճանապարհով վաստակել ավելի քան 1.5 մլն դոլար: Դիլերները թմրանյութերը փաթեթավորել են պատրաստի նախաճաշերի արկղերի մեջ, ինչը նրանց հնարավորություն է տվել աննկատ իրացնել թմրանյութերը:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել 24 մարդ: Թմրացանցի անդամներից ոմանք դեռ ազատ են: Պարզվել է՝ ձերբակալված դիլերներից մեկը Մանհեթենի դատավորի աշխատակից է:
Բոլոր ձերբակալվածներին առաջադրվել են թմրամիջոցների տարածման և փողերի լվացման մեղադրանքներ: Դատի օրը դեռ նշանակված չէ:










































